Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սամցխե-Ջավախեթի. ռուսական դիրքորոշումն ու մտադրությունները

Սամցխե-Ջավախեթի. ռուսական դիրքորոշումն ու մտադրությունները
17.10.2008 | 00:00

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ
2008 թ. օգոստոսի իրադարձությունները Վրաստանում չհանգեցրին երկրի քաղաքական վերնախավի կողմից իր քաղաքականության վերագնահատման։ Վրաստանն առայժմ միայն փորձում է վերականգնել զինված ուժերը և հաղթահարել արտաքին քաղաքական կորուստների հետևանքները։ Դժվար է պատկերացնել, որ վրացական իշխանությունները կհրաժարվեն ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց նպատակներից։
Ռուսաստանն այս իրավիճակում նույնպես չի կոնկրետացրել և վերարժևորել իր դիրքորոշումը Սամցխե-Ջավախեթիի հայկական ազգաբնակչության նկատմամբ, ինչպես նաև Վրաստանում բնակվող էթնիկական այլ խմբերի վերաբերյալ։ Նախկինում Ջավախքում շատերին թվում էր, որ բարդ իրավիճակը թույլ չի տալիս Ռուսաստանին գիտակցելու իր քաղաքականության թերությունները տեղի հայ ազգաբնակչության նկատմամբ։ Ռուսաստանը կենտրոնացրել էր ուշադրությունն ու ջանքերը ռազմական բազայի պահպանման ուղղությամբ, անտեսելով այն, որ կորցնում է հեռանկարում քաղաքական գործընթացների վրա ազդելու լծակները։ Տեղական հայ բնակչությունը Ռուսաստանի կողմից դիտարկվում էր բացառապես իբրև ժամանակավոր լծակ լոկալ իրավիճակում մանիպուլյացիա իրականացնելու համար՝ կապված դարձյալ ռազմական բազայի պահպանման խնդրի հետ։ Դա վաղ թե ուշ չէր կարող չհանգեցնել տեղի հայ բնակչության վերաբերմունքի փոփոխության և խոր հիասթափության Ռուսաստանի քաղաքականությունից։ Երկար տարիներ Ռուսաստանը խուսափում էր Սամցխե-Ջավախեթիում տիրող իրադրությանը լեգալ միջամտությունից՝ գործնականում չանելով որևէ հայտարարություն և իր հրապարակային արձագանքները սահմանափակելով ԶԼՄ-ների հաղորդագրություններով։
Տեղի հայկական բնակչության տրամադրությունների վրա խիստ բացասական ազդեցություն ունեցավ ռուսական ռազմական հրամանատարության 2005 թ. որոշումը՝ Ախալքալաքում տեղակայված 62-րդ ռազմական բազայից 320 հայ զինծառայողների Հյուսիսային Կովկաս տեղափոխելու վերաբերյալ։ Դա հանգեցրեց Ջավախքից շուրջ 1200 մարդու փաստացի արտագաղթին, եկամուտներից զրկվեց տեղում մնացած բնակչության մի մասը։ Տարօրինակ չէր, որ այս գործողությունը Ջավախքում ընկալվեց իբրև Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորված քայլ։ Բնականաբար, այդ իրադարձությունն էական ազդեցություն ունեցավ Ջավախքում հասարակական և քաղաքական տրամադրությունների վրա, մանավանդ որ Ռուսաստանի որևէ ներկայացուցիչ, այդ թվում` ռազմական բազայի հրամանատարությունը, նեղություն չքաշեց բացատրելու տեղի բնակչությանն այդ քայլի իմաստը։ Ըստ որում, Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հրաժարվեց այս հարցում Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ երկխոսություն սկսելուց և չկանխեց այդքան նշանակալի թվով հայ զինծառայողների դուրսբերումը տարածաշրջանից։ Հարկ է ընդգծել, որ այս իրադարձությունից հետո 62-րդ ռազմական բազան վրաց-ռուսական պայմանագրի համաձայն դուրս բերելու դեմ տեղի հայ ազգաբնակչության ելույթները սկսեցին կրել խիստ ձևական, անկազմակերպ բնույթ, ինչն անմիջապես արձանագրվեց վրացական ԶԼՄ-ներով, պաշտոնական անձանց հայտարարություններում և արտասահմանյան փորձագետների կողմից։ Այդ շրջանում Պենտագոնի կովկասյան բաժնի ղեկավար, իր թուրքամետ և բացահայտ հակահայկական հայացքներով հայտնի Ռիչարդ Չոպան տողերիս հեղինակի հետ զրույցում նշեց, որ «հայկական ազգաբնակչությունը, անշուշտ, հետևություններ կանի Ախալքալաքի ռուսական բազայի վերաբերյալ ընդունված որոշումներից, և այդ բազայի դուրսբերման հարցի լուծումով տեղի հայ հասարակությունը վերջնական հետևություններ կանի Ռուսաստանի քաղաքականության մասին»։ Այս փորձագետը մանրամասն զբաղվել է Հարավային Կովկասի անվտանգության հարցերով և շատ լավ տեղեկացված է բոլոր իրադարձություններից ու զարգացումներից Վրաստանում ռուսական նախկին բազաների շուրջ։
Մինչդեռ Ռուսաստանն ուներ բոլոր հնարավորությունները՝ Ջավախքի ազգաբնակչությանը դիտարկելու իբրև հայրենակիցների, պաշտպանելու նրանց ազգային իրավունքները միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդում։ Մի բան, որ տեղի է ունենում Բալթյան երկրների և ՈՒկրաինայի ռուսախոս բնակչության պարագայում։ Դրա արդյունքում Ռուսաստանը կարող էր ձեռք բերել այդ տարածաշրջանում հուսալի դաշնակից, ազդել Վրաստանի քաղաքականության վրա և նույնիսկ լծակներ ստանալ Թուրքիայի և այլ շահագրգիռ պետությունների հետ հարաբերություններ կառուցելու առումով, մանավանդ այն երկրների, որոնց ներկայությունն այդ տարածաշրջանում պայմանավորված է էներգետիկ կոմունիկացիաների գործունեությամբ։
Ներկայումս Սամցխե-Ջավախեթիում տեղի ունեցող հասարակական զարգացումներում և բանավեճերում Ռուսաստանը գործնականում չի հիշատակվում։ Իսկապես զարմանալ կարելի է, որ Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրության այդպիսի անկումը տեղի ունեցավ այսքան արագ։ Հավանաբար նոր իրավիճակը, որ առաջացել է այդ տարածաշրջանում, հասարակական ուժերից պահանջում է նոր որոշումներ և նախապատվությունների դրսևորում։ Ջավախքում իր ներկայությունը վերականգնելու Ռուսաստանի քաղաքականությունը կարող է իրականացվել երկու ճանապարհով։ Առաջին դեպքում, եթե տարածաշրջանում սկսվի սուր քաղաքական հակադրություն և արդյունքում հանգեցնի ազգամիջյան բախման, ինչը կպահանջի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ներկայություն։ Բայց այս սցենարը շատ մեծ քաղաքական ռիսկեր է պարունակում։ Երկրորդ տարբերակն այն է, որ Ռուսաստանը կսկսի կիրառել երկարաժամկետ քաղաքականություն տեղի հայ ազգաբնակչության շահերի պաշտպանության ուղղությամբ, օգտագործելով քարոզչական, քաղաքական և հումանիտար միջոցներ իր ազդեցության և ներկայության վերականգնման համար։
Այսօր Ռուսաստանի նախագահի աշխատակազմը սկսել է համակարգել Ռուսաստանի դիրքերի վերականգնմանն ուղղված որոշակի ջանքերը մի շարք էթնիկ տարածաշրջաններում։ Այդ քաղաքականությունը գործնականում վերաբերում է բոլոր նորանկախ պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, որտեղ առանձին էթնիկ տարածաշրջան է դիտարկվում Լեռնային Ղարաբաղը։ Մի շարք երկրների առանձին տարածաշրջաններում Ռուսաստանի այս քաղաքականությունն իրականացվում է միանգամայն լեգալ, երբեմն նույնիսկ բացահայտ ընդգծված։ Բայց կան պետություններ, որտեղ դա իրագործվում է գործնականում անլեգալ, ինչպես, օրինակ, Վրաստանում։ Այդ աշխատանքն իրականացվում է որոշ ֆոնդերի միջոցով, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են Ռուսաստանի կառավարությունից։ Ելնելով այն իրողությունից, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը լիազորություններ չունի զբաղվելու այդ գործունեությամբ անկախ պետությունների մասը հանդիսացող էթնիկ տարածաշրջաններում, և այդ խնդիրը պահանջում է տեղեկատվական ու հետախուզական ծառայությունների մասնակցությունը, ջանքերի կոորդինացումը հանձնվեց Ռուսաստանի նախագահի տեղեկատվական ծառայությանը։ Միաժամանակ այդ գործունեությունն ուղղորդվում է նաև ՌԴ անվտանգության խորհրդից։ Ներկայումս պարզ չէ, թե ինչ կազմակերպական և ֆինանսական ռեսուրսներ կներդրվեն այդ գործունեության համատեքստում։ Դեռ քննարկման առարկա է այն հարցը, որ մի շարք խնդիրների լուծման մեջ պետք է ներգրավվեն Հյուսիսային Կովկասում ՌԴ նախագահի ներկայացուցչի աշխատակազմը և Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի մաս կազմող սուբյեկտների վարչական ներուժը։ Քննարկման առարկա է նաև այս աշխատանքներին մասնավոր ընկերությունների ներգրավման խնդիրը, ամենից առաջ այն բիզնես-կառուցվածքների, որոնք իրենց տնտեսական գործունեությամբ ազդեցություն ունեն ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Կովկասում։
Այս ռազմավարության որդեգրումից քիչ ավելի վաղ ռուսական կողմը համախմբել էր նաև ինտելեկտուալ ներուժը, ակադեմիական և փորձագիտական շրջանակներին։ Ենթադրվում է, որ կովկասյան, մերձբալթյան և ուկրաինական ուղղություններով կկազմակերպվի հզոր քարոզչություն և «գրոհ» ԶԼՄ-ների վրա՝ երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով։ Այդ նպատակով այսօր ընթանում է բազմաթիվ փորձագետների և տարածաշրջանի գծով նեղ մասնագետների համախմբում։ Օրինակ, Երևանում, Թբիլիսիում և Բաքվում ստեղծվում են վերլուծական կենտրոններ, որոնց տրված են որոշակի հանձնարարություններ մի շարք քաղաքական պրոբլեմների լուծման ուղղությամբ առաջարկություններ մշակելու վերաբերյալ։ Մեծ նշանակություն է տրվում ռուսալեզու միջավայրի պահպանմանը։ (Օրինակ, Ստեփանակերտում ոչ շատ վաղուց ռուսական դպրոցի փակումը «Կենտրոնում» իսկական հիստերիա առաջացրեց։ Հավանաբար այնտեղ այդ իրադարձությունը գնահատվեց ոչ միայն նշանակալի երևույթ, այլև հարված տարածաշրջանում ռուսական ազդեցության խորհրդանշաններին)։
Ռուսաստանի շահերի տեսանկյունից առաջնահերթ նշանակություն ունեցող տարածաշրջաններից է դիտարկվում նաև Սամցխե-Ջավախեթին։ Սակայն տպավորություն է ստեղծվում, որ ներկայումս այս ուղղությամբ աշխատող կատարածուները հեռու են այդ առաջնահերթության մոտակա և հեռահար նպատակների գիտակցումից։ Նրանց գործունեությունն առայժմ իր մեջ ներառում է խիստ կենցաղային քայլեր. բարեգործական և հումանիտար օգնության բաժանում դպրոցներին և սոցիալական ծառայություններին տեղերում, ինչպես նաև տեղեկատու աղբյուրներ և համակիրներ ձեռք բերելու քայլեր՝ մասնավորապես ոչ կառավարական կազմակերպություններում։ Փորձեր են ձեռնարկվում տեղական հասարակական կազմակերպությունների հետ կապերի ամրապնդման, առանձին լիդերների և տեղական ԶԼՄ-ների հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Դատելով նրանից, որ այդ գործունեությամբ առայժմ զբաղված են բացարձակապես անփորձ, առաջադրված խնդիրներից անտեղյակ մարդիկ, կարելի է հետևություն անել, որ սրանք միայն առաջին, փորձնական քայլերն են և այդ ֆունկցիոներները սկզբունքային նշանակություն չունեն «Կենտրոնի» համար։ Ամենայն հավանականությամբ, նրանց մեծամասնությունը կզոհաբերվի կամ կհեռացվի հետագա և ավելի լուրջ ծրագրերի իրագործումից։
Միևնույն ժամանակ Հայաստանի տարածքում և Սամցխե-Ջավախեթիում արդեն առկա է այլընտրանքային կադրերի կուտակման գործընթաց, որոնք, ամենայն հավանականությամբ, նախատեսված են պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու համար։ Այդ մարդիկ հավաքագրվում են ավանդական հետախուզական ցանցի միջոցով, հայ ազգաբնակչության ազգայնական տրամադրություններ դրսևորող միջավայրում, ինչպես նաև բացարձակապես անսկզբունք մարդկանցից, երբեմն քրեական միջավայրից։ Այդ անձինք ստացել են համապատասխան հանձնարարականներ, հրաձգային զենք, այդ թվում՝ ահաբեկչական և դիվերսիոն բնույթի, կապի հատուկ միջոցներ և ֆինանսավորում։ Հարկ է նշել, որ այդ մարդկանց կտրականապես արգելված է գործողություններ ծավալել Հայաստանի տարածքում, բայց նրանց մի մասը Հայաստանի բնակիչներ են։ Սա խոսում է այն մասին, որ այդ աշխատանքն իրականացվում է տարբեր մակարդակներում, և այդտեղ մասնակցում են տարբեր ծառայություններ։ Այդ գործունեության շրջանակներում մինչև 2008 թվականի վերջը լեգալ ռեժիմով պետք է իրագործվեն հետևյալ խնդիրները.
1. ստեղծել առավել նվիրված համակիրների շրջանակ ինտելեկտուալ միջավայրում։ Այն մարդկանց մեջ, ովքեր ընդունակ են ազդելու հասարակական կարծիքի ձևավորման վրա և համապատասխանաբար ներգործելու տարբեր խմբավորումների և կառավարության քաղաքականության վրա։
2. Ռազմավարական և տակտիկական բնույթի որոշ գաղափարների մշակում Հայաստանի և Վրաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության վերաբերյալ, ԶԼՄ-ների և վերլուծական խմբերի ստեղծում, Ռուսաստանի շահերը պաշտպանող քարոզչություն և հրապարակումներ։
3. Սամցխե-Ջավախեթիի տեղական վերնախավի հետ շփումների ամրապնդում, տնտեսական և քաղաքական առումով նրանց կողմնորոշում դեպի Ռուսաստան, ռուսական շահերին բացառապես նվիրված հասարակական կազմակերպությունների վերականգնում։
4. Կրթական, վարչական և այլ ոլորտներում ռուսերենի պահպանում ու զարգացում։
Ներկայումս փորձ է արվում ծրագիր ձևավորել՝ ռուսական ծառայությունների Սամցխե-Ջավախեթիում գործունեության վերաբերյալ։ Ընթանում է գաղափարների և առաջարկների հավաքագրում, այդ թվում՝ հայաստանյան փորձագետների և Ջավախքի հայկական շրջանակների մասնակցությամբ։ «Կենտրոնն» առայժմ հենվում է բավականին նշանակալի գործակալական ցանցի վրա՝ ստեղծված ԽՍՀՄ շրջանում։ Վերջին երկու տարիներին հաջողվել է տեղական բնակչության մեջ ձեռք բերել նոր կադրեր, որոնց տարիքը չի անցնում 35-ից, քանի որ ավելի ավագ սերունդն այլևս ընդունակ չէ կատարելու դրված խնդիրները։ Այդ նոր կադրերը ստացել են նախնական ֆինանսական միջոցներ, բայց աշխատում են առանձին խնդիրների ուղղությամբ։ Ախալքալաքի նախկին բազայում ՌԴ ԱԴԾ խմբավորման աշխատակիցները խոստովանում են, սակայն, որ ո՛չ հին, ո՛չ էլ նոր ցանցն ընդունակ չէ իրագործելու դրված խնդիրները։ Ռուսաստանի արտաքին հետախուզությունում խորհրդակցություններից հետո պարզ է դարձել, որ ԱԴԾ-ին չի հաջողվել կազմակերպել զանգվածային դժգոհության դրսևորումներ Ջավախքի հայ ազգաբնակչության կողմից ռուսական բազայի դուրսբերման ժամանակ։ Դա գնահատվել է իբրև գործունեության տապալում և առիթ դարձել առանձին աշխատակիցների տեղափոխման այլ վայրեր։ Պատասխանատու անձը, օրինակ, տեղափոխվել է Ռուսաստանի ներքին տարածաշրջաններից մեկը՝ զբաղվելու հակահետախուզական գործունեությամբ։ ԱԴԾ-ի զեկուցագրերում միանշանակ գնահատականներ են տրվում Սամցխե-Ջավախեթիի հայ ազգաբնակչության հետ իրականացված աշխատանքի արդյունքներին։ Նկատի է առնվում, որ ընդհանուր առմամբ այդ գործունեությունը տապալվել է, և տարածաշրջանում ստեղծվել է նոր իրավիճակ, երբ հայ ազգաբնակչությունը, Հայաստանից և ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններից աջակցություն ստանալով, միաժամանակ դա չտեսնելով Ռուսաստանից, սպառել է իր ավանդական ռուսամետ կողմնորոշումը։ Ռուսաստանը հիմա չի կարող որևէ հույս ունենալ այդ տարածաշրջանում իր դիրքերի վերականգնման առումով։ Այնուհանդերձ, աշխատանքը շարունակվում է, բայց արդեն փոքր-ինչ այլ ուղղությամբ։ Միջնաժամկետ կտրվածքով այդ գործունեության բովանդակությունն ու նպատակները հետևյալն են.
1. ստեղծել պայմաններ և գործոններ Սամցխե-Ջավախեթիում հակադրության համար՝ երիտասարդությունից նախապատրաստելով «բռնկվող նյութ»։ Ընդ որում, առկա է լուրջ ծախսեր կատարելու պատրաստակամություն։
2. Աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կսրեն հակադրությունը Հայաստանի և Վրաստանի միջև, և միաժամանակ թույլ չտալ հայ-վրացական համաձայնությունների ձևավորում, այդ թվում՝ Ջավախքի հայության հիմնախնդիրների լուծման շուրջ։
3. ԱՄՆ-ի և Եվրամիության գործունեության շարունակական վարկաբեկում Սամցխե-Ջավախեթիի հետ կապված, այդ թվում՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասով և այն ոչ կառավարական կազմակերպությունների, որոնք գործում են եվրոպական դրամաշնորհների շնորհիվ։
4. Հասարակական բանավեճի առարկա դարձնել Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանում, ինչպես նաև Արևմուտքի գնահատականներն այդ քաղաքականությանը՝ փաստերով հիմնավորելով, որ Վրաստանի օրենսդրությունը խտրականություն է պարունակում հատկապես հայերի նկատմամբ։
5. Հասարակական-քաղաքական կյանքից այն խմբերի դուրս մղում, որոնք կասկածով են վերաբերվում Ռուսաստանի քաղաքականությանը, միջոցառումների ձեռնարկում նրանց միջոցներից և արտաքին աջակցությունից զրկելու, այդ կազմակերպությունների առաջնորդներին և անդամներին վարկաբեկելու ուղղությամբ։
6. Արդյունքում հասնել նրան, որ հայաբնակ շրջաններում ստեղծվի քաղաքացիական անհնազանդության իրավիճակ՝ ներառյալ էներգետիկ կոմունիկացիաների, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների նկատմամբ վտանգների ստեղծումը։ Արևմտյան դիվանագետների և կազմակերպությունների ներկայացուցիչների այցերի ժամանակ բողոքի ակցիաների կազմակերպում։
Նկատելի է, որ քաղաքական ծրագրերի մշակումը հայ փորձագետների ուժերով իրականացվում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ակնհայտ շահերի և ազդեցության պայմաններում և ներառում է բացարձակապես չհիմնավորված առաջարկություններ ու տարրեր և չի կարող ընկալվել իբրև պրոֆեսիոնալ, ազնիվ խաղ։
Ընդհանուր առմամբ կարելի է հանգել հետևության, որ Ռուսաստանը, չունենալով գաղափարախոսական առավելությունների հետ կապված հույսեր, խնդիր է դրել Սամցխե-Ջավախեթին դարձնել ռազմական զանգվածային դեսանտի իջեցման հրապարակ՝ ռազմական օպերացիայի շրջանակներում։ Կան նախանշաններ, որ «Կենտրոնի» առավել հավակնոտ ֆունկցիոներները փորձել են հասնել Սամցխե-Ջավախեթիում գործողությունների համակարգման՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի իրադարձությունների ժամանակ։ Այդ կապակցությամբ տեղական գործակալական ցանցին վաղուց արդեն փոխանցված են եղել հրահանգներ, որ ռազմական գործողությունների դեպքում տեղական բնակչությունը կազմակերպի զանգվածային անհնազանդության ակցիաներ և խնդրի արտաքին օգնություն անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ Հայաստանից։ (Սա շատ տարածված տեղեկատվություն է Ախալքալաքում)։ Այս վտանգավոր մտադրությունները կարող են հանգեցնել Վրաստանի ու Հայաստանի միջև ռազմական բախման։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Վրաստանում մշտապես աշխատող ամերիկյան որոշ փորձագետներ մանրամասն պատմել և հասկացրել են, որ ԱՄՆ-ի կառավարությանը հայտնի են այդ մտադրությունները։ Այդ մասին ակնարկել են նաև 2006-ի հունվարին և ապրիլին Ջավախք այցելած Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչները։
«Կենտրոնի» ներկայացուցիչները փորձում են Ռուսաստանի նպատակներն ու խնդիրները Սամցխե-Ջավախեթիում բացատրել հետևյալ կերպ. Ռուսաստանը ռազմավարական խնդիր ունի՝ անջատել այդ տարածաշրջանը Վրաստանից։ Սա չի կարող լուրջ ընդունվել, որովհետև առաջին հերթին նման նախագծերի իրագործումը չի տեղավորվում ռուսական քաղաքականության ներկա ոճի մեջ։ Եվ երկրորդ. այդ ֆունկցիոներները չեն կարող այդ հարցում մանրամասն տեղեկացված և պատասխանատու լինել։ Միանգամայն հնարավոր է, որ սա դիտավորյալ հրահրված արկածախնդրություն է՝ բարձրաստիճան ֆունկցիոներների օգտագործմամբ, որոնք աշխատում են գավառական դաստիարակություն ունեցող մարդկային նյութի հետ։
Շարունակությունը՝ հաջորդիվ
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4867

Մեկնաբանություններ